ԳՐԻՇԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Մարգարյան, անվերջ զրույցներ կան, որ ԲՀԿ գործարարները դուրս են գալիս ԲՀԿ-ից, դուրս են գալիս:
-Որտեղի՞ց եք նման բան լսել: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, հերյուրանքներ են: Դուք դարձյալ հերյուրում եք:
-Հերյուրո՞ւմ եմ:
-Այո՛:
-Վախենում եք առյուծներից, դրա՞ համար դուրս չեք գալիս ԲՀԿ-ից:
-Ո՞ր առյուծներից:
-Կոլյայիչի:
-Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում նմանատիպ բաներ:
-Առյուծների մասին առաջին անգա՞մ եք լսում:
-Ոչ, առյուծների մասին չէ խոսքը, պատգամավորը ի՜նչ գործ ունի առյուծների հետ:
-Ես էլ եմ էդ ասում։ Կամ էլ` ֆրակցիայի ղեկավարի ինչի՞ն է պետք` առյուծնե՜ր է պահում:
-Չէ, չէ, էդ որ առյուծ է պահում, լավ է անում, սիրում է այդ կենդանուն, պահում է, միայն բարի մարդիկ կարող են կենդանիներ պահել, որևէ մեկը այդ հարցը չի կարող քննարկման ենթարկել:
-Հա, էլի, ճիշտ եք ասում, կարող է՝ առյուծներն էլ են մարդ, կարող է՝ իրենք էլ հոգի ունեն:
-Հնարավոր չէ` մարդ լինեն, հոգի ունենան, իրենք մարդ կարող են լինել ոմանց համար, բայց նրանք կենդանիներ են:
-Էդ որ ասում եք` «ոմանց», էդ ո՞ւմ նկատի ունեք:
-Ովքեր ընդունում են կենդանիներին որպես մարդ:
-Ի՜հ, պարոն Մարգարյան, հրեն, Չիլոն ասում էր` «Շուն, դու լավ մարդ ես», ու Չիլոյի ամենասիրուն տողը հենց էդ է ինձ համար:
-Ձեր հարցը ո՞րն է:
-Ասում են` մարդիկ նախկին կյանքում գուցե առյուծ են եղել. ասենք` ոմանք: Բուդդիզմն է ասում: Կարո՞ղ է նման բան:
-Ես բուդդիզմը չեմ ուսումնասիրել, ինձ համար դա հայերեն չէ:
-Չեղավ, չեղավ: Ես այդ հարցն անձամբ հղել եմ Կոլյայիչին, ու նա շատ սիրով, բարությամբ ժպտացել ու դեմ չի եղել, որ կարող է նման բան լինել:
-Կոնկրետ ի՞նչ է պատասխանել։
-Հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց երբ հարցրի՝ կարող է Դուք առյուծ եք պահում ու հարազատություն ունեք այդ կենդանու հետ, հարցը իրեն շա՜տ դուր եկավ:
-ՈՒրախ եմ, շատ ուրախ եմ:
-Իսկ Դուք տեսե՞լ եք նրանց:
-Ո՞Ւմ:
-Առյուծներին:
-Առյուծներ ընդհանրապես տեսել եմ, բայց Նիկոլայիչի առյուծներին` ոչ, չեմ տեսել:
-Ափսո՜ս, դավաճանում եք, էլի, իրեն. ի դեպ, չի բացառվում, որ այս բլիցից հետո «տեսնեք», ուստի վերջին հարցը. հնարավո՞ր է, որ Կոլյայիչն ապագայում վարչապետ կամ նախագահ դառնա:
-Այդ հարցերով դիմեք իրեն:
-Չե՞ք ուզում, որ Ձեր ղեկավարը վարչապետ կամ նախագահ դառնա, հա՞: ՈՒրեմն, հաստատ, «կտեսնվեք» առյուծների հետ:
-Ես շատ բան եմ ուզում: Բայց իմ ամեն ուզածը չէ, որ ԶԼՄ-ներով պետք է հայտարարեմ:
-Իսկ Դուք ոչ մի կենդանի չե՞ք պահում:
-Ոչ:
-Գոնե կատու պահեք, թե չէ կմտածեն՝ բարի մարդ չեք:
-Սեփական տանը որ ապրում էի, պահում էի կենդանիներ, հիմա բնակարանում եմ ապրում, հնարավոր չէ:
«Առյուծահարեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ